«Արս լունգա» դուետը` ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի, իրականացնում է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագիծը: Ծրագրի շրջանակում հավաքվել են 20-21-րդ դարերի 60 հայ կոմպոզիտորների` թավջութակի և դաշնամուրի համար գրած ստեղծագործությունները: Ընթացքի մեջ է «Հայ կոմպոզիտորների տրիոների անթոլոգիան»: «Արս Լունգա» ՀԿ նախագահ, վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի փոխանցմամբ` հայ կոմպոզիտորների գրած տրիոները շատ են, մեկ տասնյակից ավելի սկավառակներ են ձայնագրվում:
Հայ կամերային երաժշտության անթոլոգիան տարածվել է աշխարհի 40-ից ավելի երկրներում: Ձայնագրությունների ժողովածուները տրամադրվում են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, երաժշտական քոլեջներին, ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտությունը պրոպագանդող ռադիոկայաններին:
Արամ Թալալյանի խոսքով` անթոլոգիան դրսում ավելի մեծ տարածում ունի, քան Հայաստանում: Նոր նյութերը արագ տարածվում են, հետաքրքրություն առաջացնում: Մեծ թվով շնորհակալական նամակներ են ստացել:
«Մեզ մոտ դրանք պահվում են կոնսերվատորիայում, Ազգային գրադարանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ձայնադարանում: Մարզային երաժշտական դպրոցներ ուղարկելը իմաստ չունի, քանի որ չունեն ձայնադարան: Հանրագիտարանային բնույթ ունի, չեն վաճառվում, ուղարկվում են այնտեղ, որտեղ մարդիկ նպատակային գնում են երաժշտություն լսելու և ինչ- որ բաներ փնտրելու: Օրինակ` կոնսերվատորիայում ուսումնական պրոցեսի համար շատ է պետք գալիս»:
Հավելենք, որ ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է, քանի որ հայ կոմպոզիտորների` թավջութակի և դաշնամուրի համար գրած ստեղծագործությունների մեծ մասը երբևէ չի կատարվել, կամ էլ կատարվել է տասնամյակներ առաջ, և ձայնագրություններն արդեն վերականգնման կարիք ունեն: Ծրագիրը շարունակական է:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ